Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարտի 1-ը կմիավորի նոր ձևաչափով

Մարտի 1-ը կմիավորի նոր ձևաչափով
02.05.2013 | 15:12

Քաղաքական դաշտում կլինեն նոր վերադասավորումներ, հստակեցումներ: Թեպետ այդ գործընթացներն առայժմ հստակ տեսանելի չեն, բայց կան խմորումներ, որոնք նմանվում են ուղերձների:
«Հայ ազգային կոնգրես» դաշինքը չլքած հինգ կուսակցություններ՝ «Ժողովրդավարական Հայրենիքը», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական ուղին», Հայաստանի կանաչների կուսակցությունը և «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը, ԶԼՄ-ների փոխանցմամբ, երեկ հրավիրել են քաղխորհրդի նիստ: ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը ցանկացել է օրակարգ մտցնել Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքին սատարելու հարցը, սակայն, կոնսենսուս չլինելու պատճառով, որևէ որոշում չի ընդունվել: Հայաստանի կանաչների կուսակցությունը որոշել է ոչ մեկին չսատարել այդ ընտրություններում: Նշված կուսակցությունները, իհարկե, աչքի չեն ընկնում իրենց բազմամարդությամբ և այսօր չեն կարող քաղաքական դաշտում որոշիչ դեր խաղալ: Նրանք առայժմ զբաղված են դաշինքից հեռացածների հետ բանակցություններ վարելով: Դատելով նրանց գործելակերպից՝ այդ փոքր կուսակցություններին մտահոգում է դաշինքը, թեկուզ այլ ձևաչափով, կենսունակ պահելու խնդիրը: Եվ անկախ այն բանից, թե ինչ ընթացք կունենան նրանց հարաբերությունները իրենց երբեմնի գործընկերների հետ, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը չլքած կուսակցականներին և նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը միավորող միակ գործոնը մնացել է Մարտի 1-ի դեպքերի բացահայտման նկատմամբ շահագրգռվածությունը: Համենայն դեպս, Պետրոս Մակեյանը, ով հայտարարել է, թե մայիսի 5-ից հետո դաշինքի անդամները պետք է հանդիպեն, նշել է. «Մյուս շաբաթվա մեջ պետք է անպայման հանդիպենք՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում քառօրյա նիստ է սպասվում, և այդ նիստում Մարտի 1-ի նոր հանձնաժողովի հարցն է քվեարկության դրվելու, Հայ ազգային կոնգրեսի քաղխորհուրդը ցանկանում է իր դիրքորոշումը հայտնել Մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված»:
Ի դեպ, նույն Մարտի 1-ի դեպքերը հետաքննող նորաստեղծ հանձնաժողովն էլ կամա-ակամա ԱԺ-ում դառնալու է քաղաքական դիրքորոշումների հստակեցման դաշտ, որտեղ հազիվ թե հաջողության հասնեն «մաքուր իրավական դիրքորոշումների» անվան տակ «պլստալու» փորձեր անողները: Այլ հարց է, թե այդ ամենն ինչ հետևանքներ կարող է ունենալ ապագայում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ